Գալուստ Սահակյանը բացատրել է Պուտինին, նա հասկացել է

News.am-ին տված հարցազրույցում Գալուստ Սահակյանը քննադատել է Հայաստանում ռուսերենի կարգավիճակը բարձրացնելու կառավարության մտադրությունը: Մեկնաբանելով Հայաստանում ռուսերենի զարգացման կառավարության մշակած հայեցակարգը, Գալուստ Սահակյանն այն բթամտություն է անվանել: Նա նշել է, որ Հայաստանն ինքնիշխանությունը պահպանում է ոչ այնքան հողի, որքան լեզվի շնորհիվ: «Վատ բառեր չեմ ուզում ասել:  Հայաստանի պետական լեզուն հայերենն է, Հայաստանում երկրորդ լեզու հնարավոր չէ», - ասել է Գալուստ Սահակյանը:

 

Նա նշել է, որ երկրորդ լեզվի անհրաժեշտություն առաջանում է այն դեպքում, երբ երկրում մեծ էթնիկ փոքրամասնություն է ապրում, իսկ Հայաստանում ռուսներ չկան: Գալուստ Սահակյանն ասել է, որ ժամանակին Պուտինը Հայաստան է ժամանել եւ բարձրացրել այդ հարցը, սակայն «ես ու Շավարշ Քոչարյանը ներկայացրեցինք փաստարկները, եւ նա ընդունեց մեր ասածները»: Գալուստ Սահակյանն ասել է, որ եթե հրաժարվում ենք հայերենից, նշանակում է՝ հրաժարվում ենք ինքնիշխանությունից:

 

Հայաստանի իշխող դասի մի մասը, ըստ ամենայնի, լեզուն ընկալում է որպես ինքնիշխանության վերջին ֆորպոստ: Լեզվի պահպանմամբ ցանկանում են արդարացնել լիակատար կապիտուլյացիան, որն ստորագրել է իշխող համակարգը: Շատերը թաքուն հույս ունեն, որ լեզուն պահպանելով ինդուլգենցիա կստանան մյուս բոլոր մեղքերի համար:

 

Լեզուն հազիվ թե հնարավոր լինի պահպանել, եթե մնացած ամեն ինչ կապիտուլյացիայի «խաղաղ պայմանագրով» արդեն հանձնված է: Եթե երկրի էներգետիկան, անվտանգությունը, սահմանները, հաղորդակցությունները, մաքսայինը փոխանցվել են այլ երկրի, հայերենի փոխարինումը ռուսերենով տեխնիկայի հարց է դառնում:

 

Ամենահետաքրքիրն այն է, որ Ռուսաստանը Հայաստանի ինքնիշխանության վերջին ֆորպոստը փորձում է վերցնել երկու ազգայնական կուսակցությունների՝ ՀՀԿ-ի, որն իր գաղափարախոսությունը կառուցում է Նժդեհի ուսմունքի վրա, եւ ՀՅԴ-ի միջոցով:

 

ՀՀԿ փոխնախագահ, վարչապետ Կարեն Կարապետյանը կրթության նախարար, դաշնակցական Լեւոն Մկրտչյանին հանձնարարել է ռուսերենի զարգացման հայեցակարգ մշակել, եւ նա էլ մշակել է: Ճակատագրի հեգնանք, որից գերեզմանում շուռ կգային Նժդեհն ու Նիկոլ Դումանը:

 

Այն բանից հետո, երբ մեկ տարի առաջ Հայաստանի վարչապետ նշանակվեց Գազպրոմի թոփ մենեջերը, Հայաստանում ռուսական էքսպանսիան դարձավ բացահայտ ու ագրեսիվ: Մոսկվան դադարեց էքսպանսիան առասպելներով ու եղբայրությամբ քողարկելը եւ բացահայտ գաղութացման անցավ, որի վերջին սահմանն անցնում է լեզվով:

 

ՀՅԴ-ն, համաձայնվելով դառնալ իշխող կոալիցիայի եւ կառավարության մաս, ստորագրել է կապիտուլյացիայի վերջին ակտի տակ: Հայաստանի համար խայտառակ ռուս-թուրքական պայմանագրից 100 տարի անց՝ Առաջին Հանրապետության 100-ամյակից ամիսներ առաջ Դաշնակցությունը պատրաստվում է հանձնել վերջին ազգային ֆորպոստը: Դրանից հետո կուսակցությունը պետք է հայտարարի ինքնալուծարման մասին:

 

lragir.am

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն