Արարատի մարզպետարանը լուծարել է Հովիկ Աբրահամյանի ՍՊԸ-ների հետ պայմանագրերը

Արարատի մարզպետարանն օրերս մի քանի հետաքրքիր պայմանագրեր է լուծարել երկու ընկերությունների հետ, թերևս այդքան մեծ ուշադրություն չդարձնեինք այդ պայմանագրերի լուծարմանը, եթե չլինեին այդ կազմակերպությունների ուշագրավ «արմատները»։

 

Այսպիսով, «Մոնոլիտ Կապիտալ Շին» ընկերությունը և «Նորակ» ՍՊԸ-ն պայմանագրեր էին կնքել Արարատի մարզպետարանի հետ և ստանձնել Արտաշատ քաղաքի և որոշ համայնքների մանկապարտեզների, դպրոցների, թատրոնի վերանորոգման աշխատանքները։ Հընթացս, տեղեկացնենք, որ ընկերություններից մեկը՝ «Մոնոլիտ Կապիտալ Շինը», գրանցված է Ամիրյան 4/7 հասցեում, որը նախկին վարչապետ, ամենայն արարատյան բիզնեսմեն Հովիկ Աբրահամյանի «Իմպերիում պլազա» բիզնես կենտրոնն է, իսկ «Նորակ» ընկերությունը գրանցված է Հովիկ Աբրահամյանի «հայրենի» Մխչյան գյուղում։

 

Մեր տեղեկություններով՝ երկու ՍՊԸ-ներն էլ նախկին վարչապետի հետ առնչություն ունեն, եւ պայմանագրերը խզելով՝ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը փորձում է կրճատել  Հովիկ Աբրահամյանի գործոնը մարզում՝ նախ թեթև հարվածներ հասցնելով նրա բիզնեսին։

 

Ի դեպ, երբ հին ու բարի ժամանակներում, Հովիկ Աբրահամյանը վարչապետ էր, ըստ որոշ հրապարակումների՝ ցանկություն է ունեցել Արարատում մարզպետ նշանակել իր մեծ եղբայր Հենրիկ Աբրահամյանի որդուն՝ ոստիկանության պետ Արսեն Աբրահամյանին։

 

Թեպետ Աբրահամյան-Գրիգորյան հակասություններն ավելի խոր արմատներն ունեն, մամուլը բազմիցս է անդրադարձել նրանց այսպես ասած պայքարին, թե ով կստանձնի Արարատի մարզի ղեկը։ Այժմ էլ Արտաշատի քաղաքապետի ընտրություններին ընդառաջ Աբրահամյան-Գրիգորյան հակասությունը նոր երանգներ է ստանում: 

hraparak.am

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն