«Գրպաններդ դատարկի, ա՛յ…». Թոռը «ցխել է» հիվանդ պապի դեմքը՝ փողի ու հեռախոսի համար

Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Վարդան Աբրահամյանի նախագահությամբ ավարտվել է Արման Հակոբյանի գործով դատական քննությունը:

31-ամյա Արմանին մեղադրանք էր առաջադրված ավազակային հարձակման համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 1-ին մասով:

Գործով տուժողը Արմանի հարազատ պապիկն է՝ մոր հայրը:

Ըստ մեղադրանքի՝ 2016 թվականի նոյեմբերի 1-ին, առավոտյան ժամը 8-ին Արման Հակոբյանը Դավթաշենի 1-ին թաղամասի շենքերից մեկում ապրող պապիկի՝ Արամայիսի բնակարան է գնացել, բռունցքներով  հարվածներ է հասցրել պապի գլխին ու դեմքին՝ գործադրել է նրա առողջության համար վտանգավոր բռնություն, նրա առողջությանը պատճառել է թեթև վնաս՝ դեմքի արյունազեղումների ու արյունահավաքների ձևով, ապա հափշտակել է պապիկի բռի մեջ սեղմված 76 հազար դրամը, ինչպես նաև գրպանից հանել է օրեր առաջ շենքի բակում պապիկի կողմից գտած «Այֆոն 4S» տեսակի բջջային հեռախոսը:

Դատարանում Արման Հակոբյանն իրեն մեղավոր չճանաչեց: Նա հայտնեց, որ իր ընտանիքի անդամները գտնվում են արտերկրում: Ինքը Հայաստանում մշտական բնակության վայր չունի, դրա համար էլ երբեմն ապրում էր պապի՝ Արամայիսի տանը:

Վերջին շրջանում պապը թույլ չի տվել իր տանն ապրել: Ինքը երկու օր աշխատանքի վայրում էր, ապա վերադարձել է պապի տուն, բայց նա դուռը չի բացել ու ներս չի թողել: Ինքը պահանջել է, որ դուռը բացի: Վերջապես նա դուռը բացել է: Ինքը պարզաբանում է պահանջել՝ դուռը չբացելու վերաբերյալ:

Քանի որ զայրացած էր, մոտ 10 անգամ ապտակել է պապին, բայց բռունցքներով չի հարվածել: Այնուհետև ցանկացել է պապին պատժել, պահանջել է, որ նա դատարկի գրպանները: Վերցրել է ոչ թե 76 հազար, այլ ընդամենը 20 հազար դրամ ու «Այֆոն» հեռախոս:

Դուրս է եկել բակ, նստել է այնտեղ գտնվող տաղավարում: Քիչ անց բակ է դուրս եկել պապը ու խնդրել է այլևս իրեն չանհանգստացնել:

Ամբաստանյալը պնդեց, որ պապից վերցրել է միայն 20 հազար դրամ, դա էլ արել է… պապին պատժելու նպատակով:

Տուժող Արամայիս Հակոբյանը հայտնեց, որ հանդիսանում է իր բնակարանի միակ սեփականատերը: Դստեր որդին՝ Արմանը, որոշ ժամանակ գտնվել է Լեհաստանում, հետո վերադարձել է Հայաստան: Նա ապրել է իր ու հայրական պապի տանը:

Արմանը վատ վարքագիծ է դրսևորել՝ պարբերաբար վիճել է իր հետ, ալկոհոլ է օգտագործել ու պահանջել է բնակարանը : Ինքը ստիպված է եղել թույլ չտալ, որ նա իր տուն մտնի ու բնակվի իր տանը:

2016 թվականի հոկտեմբերի 31-ի կեսգիշերին Արմանը եկել է իր բնակարան, թակել է դուռը: Ինքը դուռը չի բացել ու չի թողել, որ նա ներս մտնի: Նոյեմբերի  1-ի առավոտյան՝ ժամը  8-ին, Արմանը նորից է եկել: Ինքը նրան ներս է թողել: Նա պահանջել է ասել, թե ինչու գիշերը դուռը չբացեց: Արմանը բռունցքներով 10-15 անգամ խփել է իր գլխին, դեմքին, աչքերին, պահանջել է դատարկել գրպանները: Ինքը մոտի գումարը պինդ պահել էր բռի մեջ, ձեռքն էլ շալվարի գրպանում էր պահում, բայց Արմանը ստիպողաբար ձեռքը հանել է գրպանից, բացել է ձեռքի ափը, վերցրել է 76 հազար դրամը: Երբ ձեռքը դուրս էր բերում գրպանից, ինքը դիմադրում էր, այդ ժամանակ քանդվել է շալվարի կարը՝ գրպանի ներքևի հատվածում, ինքը հետո մի կերպ փորձել է կարկատել…

Շարունակելով բռունցքներով հարվածներ հասցնել՝ Արմանն իր գրպանից հանել ու վերցրել է նաև օրեր առաջ իր կողմից բակում գտած «Այֆոն» հեռախոսը: Հետո նա հեռացել է իր տանից:

Գործի քննության ընթացքում պարզվել է, որ ««Այֆոն» հեռախոսը պատկանում է հարևան շենքում ապրող մի երեխայի, ով հեռախոսը, իրոք, կորցրել էր բակում: Հեռախոսի կորստի մասին հայտարարություն չէին տվել… Դատաապրանքագիտական փորձաքննության եզրակացությամբ՝ հեռախոսի միջին շուկայական արժեքը՝ հեռախոսի տեսքի ու վիճակի պայմաններում, գնահատվել է 25 հազար դրամ:

Գործի քննության ընթացքում մեղադրյալ թոռն ու տուժող պապը առերեսվել են, Արման Հակոբյանը չի հերքել պապին ծեծի ենթարկելու, նրա գրպանից գումար ու հեռախոս վերցնելու հանգամանքները, միայն ասել է, թե վերցրել է ոչ թե 76, այլ 20 հազար դրամ:

Գործի քննության ընթացքում անցկացված ամբուլատոր դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությամբ՝ տուժող պապիկը՝ Արամայիսը, հոգեկան առողջության լուրջ խնդիրներ ունի, տառապում է խրոնիկական հարաճուն հիվանդությամբ: Միևնույն  ժամանակ, ըստ եզրակացության, պահպանված է Արամայիսի մեխանիկական հիշողությունը: Դեպքի վերաբերյալ նա իրարամերժ տեղեկություններ չի տվել, այլ հիմնականում հայտնել է նույն բանը, գործողությունները վերարտադրել է հետևողականորեն, նրա ցուցմունքները համընկել են մեղադրյալի ցուցմունքներին, տարբերությունը եղել է միայն հափշտակված գումարի չափը:

Դատարանը, գործով ձեռք բերված այլ ապացույցների համադրությամբ, արժանահավատ է գնահատել տուժող Արամայիսի ցուցմունքները:

Գործով ամբաստանյալ Արման Հակոբյանի մոտ նույնպես առկա է հոգեկան առողջության խնդիր, ինչը դատարանը նույնպես հաշվի է առել:

Դատարանը Արման Հակոբյանին մեղավոր ճանաչեց ավազակային հարձակման համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 1-ին մասով, և դատապարտեց  3 տարի ազատազրկման:

Պատժի սկիզբը՝  2016 թվականի նոյեմբերի 1-ից:

 

1IN.AM

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն