Երևան, 24.11.2017, 18:46,

Արծվիկ Մինասյանը որոշել է ազատվել տեղակալից

«Հրապարակ»-ը գրում է.

ՀՀԿ-ում ծանր են տանում, որ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը որոշել է ազատվել իր տեղակալ, ՀՀԿ-ական փոխնախարար Խաչիկ Հակոբյանից, իսկ ՀՀԿ-ական իշխանությունը չի միջամտում: «Եթե անգամ ինչ-ինչ չարաշահումներ գտած լինի Արծվիկը, դաշնակցականները չպետք է հանրապետականների հախից գան, վարչապետն էլ անտարբեր նայի»,- ասաց «Հրապարակ»-ի զրուցակիցը: Նա հայտնեց նաեւ, որ Մինասյանն առաջարկել է փոխնախարարին կամովին դիմում գրել՝ գնալ, բայց այդ հարցն իր որոշելու տիրույթում չէ՝ հիմա բոլորն սպասում են վերադասի որոշմանը։ 2012 թվականից փոխնախարար աշխատող Խաչիկ Հակոբյանից հետաքրքրվեցինք, թե աշխատանքից ազատման դիմում գրե՞լ է։ «Ես աշխատանքից ազատման դիմում չեմ գրել»։ Իսկ ճի՞շտ են տեղեկությունները, որ լարված հարաբերություններ ունեք նախարար Արծվիկ Մինասյանի հետ։ ««Հրապարակ» օրաթերթը միշտ շատ լավ քաջատեղյակ է եղել իմ նվիրված աշխատանքի մասին, ես միշտ եղել եմ ծառայողի կարգավիճակում իմ գործի հանդեպ եւ շարունակում եմ նույն ձեւով աշխատել։ Բնականաբար, կարող են լինել տարբեր ընկալումներ, տարբեր մեկնաբանություններ եւ համապատասխան եզրահանգումներ։ Այս պահի դրությամբ ասեմ, որ շարունակում եմ նույն ձեւով աշխատել։ Աշխատանքային տարաձայնություններ միշտ լինում են»։ Իսկ առաջիկայում ազատման դիմում գրելու ծրագրեր չունե՞ք։ «Իմ պաշտոնը քաղաքական պաշտոն է՝ առաջադրված կուսակցության կողմից։ Երբ որ որոշում կփոխվի, եւ որոշման մասին իմ կուսակցությունն ինձ կիրազեկի, կամ հանրապետության վարչապետը համապատասխան հանձնարարություն կտա, ես, շնորհակալություն հայտնելով, բնականաբար, կհեռանամ։ Այս պահին չկա նման ցուցում»։

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն