Երևան, 24.11.2017, 18:38,

Ինչպես է կեղծ դիտորդը դարձել հանրակրթության վարչության պետ. Պարզաբանում է քաղաքապետարանը

«Տիկին Բախշյանը սխալվում է: Եթե ուշադիր նայեր մեր կայքը, ապա անպայման 07.06.2017 ավսաթվով կտեսներ քաղաքապետի համապատասխան կարգադրությունը, որով նշանակվելէ հանրակրթության վարչության պետը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը:

Նշենք, որ այսօր Երևանի ավագանու անդամ, «Ելք» խմբակցության ավագանի Անահիտ Բախշյանը քաղաքապետին ուղղված բաց նամակ էր հրապարակել, որտեղ անդրադարձ էր կատարել քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետի փոփոխությանը: Տիկին Բախշյանը նամակում գրել էր, որ 07.06.2017 Աննա Ստեփանյանը նշանակվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ։ «Հիմք ընդունելով «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածը` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կարգադրությամբ՝ աշխատակազմի հանրակրթության վարչության պետ է նշանակվել Աննա Համլետի Ստեփանյանը: Փորձել եմ գտնել Ձեր այդ կարգադրությունը, սակայն, ապշած եմ, մայիս, հունիս ամիսների Ձեր կարգադրություններում այն պարզապես գոյություն չունի: Ամեն հիմք ունեմ կասկածելու, որ այդ կարգադրությունն ուղղակի չկա: Ստացվում է, որ Աննա Ստեփանյանն առանց Ձեր կարգադրությա՞ն է նշանակվել, իսկ Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունն ի՞նչ իրավական փաստաթղթի հիման վրա է տարածել այդ տեղեկությունը»,- գրել է տիկին Բախշյանը, ապա հավելել. «Ավելին, եթե անգամ կա, ապա Դուք չէիք կարող այդ կարգադրության համար հիմք ընդունել «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածը, որովհետև այն կիրառվում է միայն համայնքային ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալիս (հղիության և ծննդաբերության արձակուրդի, պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու, մինչև համայնքային ծառայության թափուր պաշտոնը մրցույթում հաղթող ճանաչված մասնակցի կողմից զբաղեցնելը): Ստույգ գիտենք, որ տիկին Սողոմոնյանն իր դիմումի համաձայն է ազատվել այդ պաշտոնից, այսինքն՝ այդ պաշտոնը ժամանակավոր չէր թափուր մնացել, հետևաբար, Դուք չէիք կարող Ձեր չգրված կարգադրությամբ այդ պաշտոնին, առանց մրցույթի նշանակել որևէ մեկին»:

«Համայնքային ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածը սահմանում է, որ «համայնքային ծառայության թափուր պաշտոն առաջանալու դեպքում այդ պաշտոնը զբաղեցվում է մրցույթով»: Մրցույթն անցկացվում է երկու փուլով` թեստավորման և հարցազրույցի:

«Մինչ օրս մրցույթի մասին հայտարարություն չկա, մրցույթը չի կայացել, կնշանակի՝ Դուք չէիք կարող որևէ մեկին նշանակել այդ պաշտոնում: Ստացվում է, որ Աննա Ստեփանյանն այդ պաշտոնում նշանակվել է օրենքի խախտումներով՝ նախ կարգադրությունը չկա կայքում, երկրորդ՝ նշանակման հիմնավորումն օրենքի խախտմամբ է եղել»,- եզրակացրել է տիկին Բախշյանը՝ հավելելով, որ նման դեպքում արդեն խնդիր ունենք «Վարչարարության մասին» ՀՀ օրենքի հետ, որը սահմանում է ոչ իրավաչափ վարչական ակտն անվավեր ճանաչելու ընթացակարգերը։

«Խնդրում եմ պարզաբանել այս անօրինականությունը, որը շատ տարածված երևույթ է նաև Ձեր ենթակայության դպրոցներում, շատ վատ օրինակ եք ծառայում»,- քաղաքապետին ուղղված նամակում գրել է Անահիտ Բախշյանը:

Արթուր Գևորգյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Աննա Ստեփանյանի նշանակման կարգում որևէ խախտում չկա: Քաղաքապետի կարգադրումն առկա է, հրապարակված է Երևանի քաղաքապետարանի կայքում 07.06.2017 թվականին:

Ինչ վերաբերում է մրցույթ չհայտարարելուն և առանց մրցույթի Աննա Ստեփանյանին քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ նշանակելուն, ապա Արթուր Գևորգյանը նշեց, որ գրավոր հարցման դեպքում իրենց իրավաբանները կպատասխանեն հարցմանը, թեև, վստահ է, որ այդ մասով էլ խնդիր չկա:

Քաղաքապետարանի պատասխանը մեր գրավոր հարցմանը, կներկայացնենք ստանալու դեպքում:

Հիշեցնենք, որ Հանրակրության վարչության նախկին պետ, Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանի կինը՝ Գայանե Սողոմոնյանը, աշխատանքից ազատվեց սեփական դիմումի համաձայն, այնուհետև պարզ դարձավ, որ Աննա Ստեփանյանն է նշանակվելու այդ պաշտոնում, որը քաղաքապետի վերջին ընտրություններում կեղծ դիտորդական առաքելություն էր իրականացրել:

Մամուլը գրեց, որ Աննա Ստեփանյանը Երևանի ավագանու ընտրությունների օրը Երևանի ընտրատեղամասերից մեկում հանդես էր եկել որպես դիտորդ «Կրթություն և մշակույթ» կազմակերպության անունից։

«Անկախ դիտորդ» նախաձեռնության խոսնակ Դանիել Իոաննիսյանն ընտրատեղամասից կապ էր հաստատել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հետ և պարզել, որ թեև Ստեփանյանը դիտորդություն էր իրականացնում, սակայն նրա անունը չկար գրանցված դիտորդների ցուցակում, և, փաստորեն, նրա դիտորդական վկայականը կեղծ էր։

Աննա Ստեփանյանը պնդել էր, որ իր վկայականը կեղծ չէ, սակայն տեսախցիկների առջև այդպես էլ չէր բացատրել, թե ինչպես է պատահել, որ իր անունը չկա ԿԸՀ-ում։

Աննա Ստեփանյանին այնուհետև դուրս էին հրավիրել ընտրատեղամասից:

Երևանի ավագանու ընտրությունից օրեր անց Աննա Ստեփանյանը պաշտոն ստացավ:

 

1IN.AM

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն