Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն հսկայածավալ աշխատանքների արդյունքում հայտնաբերել են Շամիրամ գյուղի սպանդի հեղինակ Թելման Քալաշյանին

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ օգոստոսի 25-ին, ՀՀ կազմակերպված հանցավորութան դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության, Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության և Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները հայտնաբերել են Շամիրամ գյուղի գերեզմանոցի հարևանությամբ գտնվող սգո սրահում օգոստոսի 1-ին սպանդ իրականացրած, այնուհետև փախուստի դիմած Թելման Վազիրի Քալաշյանին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինիս նկատմամբ ՀՀ քր.օր-ի մի քանի հոդվածներով հարուցվել էր քրեական գործ Հայաստանի քննչական կոմիտեի հատկապես կարևորագույն գործերով քննչական գլխավոր վարչությունում, որի ՀԿԳ ավագ քննիչ Մնոյանը դիմել էր դատարան և նրա նկատմամբ քննիչի միջնորդությունը բավարարել էր՝ որպես կալանք։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Թ. Քալաշյանը հայտնաբերվել է Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղում։

Նրա հայտնաբերման օպերացիան ղեկավարել են ՀՀ Ոստիկանության պետ, Ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը, ՀՀ Ոստիկանության 6-րդ գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Ալիկ Մարգարյանը, Արագածոտնի մարզի ոստիկանապետ Ռոման Կիրակոսյանը և Ազգային անվտանգության ծառայության մի քանի ծառայողներ։ 

Ավելի վաղ հայտնել էինք, որ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում մի խումբ անձանց սպանության փաստով հարուցված քրեական գործի շրջանակում, որի նախաքննությունը Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի որոշմամբ հանձնարարվել էր ՀՔԿ հատկապես կարևորագույն գործերով քննչական գլխավոր վարչության փորձառու քննիչներին, ինչպես նաև ոստիկանությունը, նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով որոնում էր Արմավիրի մարզի բնակիչ, 50-ամյա Թելման Վազիրի Քալաշյանին: 

Ավելի վաղ դեպքի վայրից ֆոտոլրագրողը հայտնել էր, օգոստոսի 1-ին դաժան ու ողբերգական դեպք էր տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Անհայտ անձը՝ զինված ինքնաձիգով, մտել էր Շամիրամ գյուղի գերեզմանների հարևանությամբ գտնվող սգո հանդիսությունների սրահ և կրակոցներ արձակել այնտեղ գտնվող քաղաքացիների ուղղությամբ։ Ըստ նախնական տեղեկությունների՝ կրակոցների հետևանքով կա 3 զոհ, 9 վիրավոր։ 

Դեպքի վայր էին ժամանել ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Ռոման Կիրակոսյանի գլխավորությամբ։ Ժամանել էին նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության մեծ թվով քննիչներ՝ վարչության պետի գլխավորությամբ։ Երևանից գյուղ էին ժամանել նաև ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Սամվել Ասատրյանը, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր /6-րդ/ վարչության պետի տեղակալ Ալիկ Մարգարյանը, ոստիկանության փորձաքրեագիտական վարչության պետը։ Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ օպերատիվորեն ժամանել էին նաև Արագածոտնի մարզային դատախազության դատախազներ։

Դեպքի վայր էր ժամանել ՀՀ ոստիկանապետի տեղակալ, գեներալ-մայոր Սամվել Հովհաննիսյանը։ Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում էին մահացածների և վիրավորների ինքնությունը։ 

Դեպքի վայրում հավաքվածներն ասլ էին, որ կրակոցներ արձակողը իր սև գործն անելուց հետո Нива-ով դիմել էր փախուստի, սակայն ճանապարհին վթարի էր ենթարկվել և ավտոմեքենան թողնելով վթարի վայրում՝ այնտեղից էլ էր փախել։ 

Ֆոտոլրագրողը հայտնել էր նաև, որ վիրավորներից ևս մեկը «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել էր։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի հրամանով ստեղծվել էր քննչական հատուկ խումբ՝ Հայաստանի քննչական կոմիտեի հատկապես կարևորագույն գործերով քննչական գլխավոր վարչության փորձառու քննիչների մասնակցությամբ, որը ղեկավարում էին ՀՔԿ նախագահի տեղակալ, գեներալ-մայոր Վահագն Հարությունյանն ու բազմաթիվ աղմկահարույց, ծանր և լուրջ հանցագործություններ քննող Սամվել Տոնոյանը։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

shamshyan.com

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն