Երևան, 24.11.2017, 18:34,

24-ամյա երիտասարդը, ում Lexus-ով հետապնդել էին, կրակել ավտոմեքենայի վրա, այնուհետև ծեծի ենթարկել ու առևանգել՝ նախկին Հարկային ծառայության աշխատակից էր. նա գտնվում է բժիշկների հսկողության տակ

Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի պետ Հրաչ Ղազարյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ ՝ ավագ քննիչ Վիգեն Մարգարյանի գլխավորությամբ: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վ. Մարգարյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 131 հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերի հատկանիշներով: 

Նշված քրգործը հարուցվել է օգոստոսի 14-ին Երևան քաղաքի բնակիչ, 24–ամյա Հայկ Տիշինյանի վարած Toyota Corolla մակնիշի ավտոմեքենայի ուղղութամյբ կրակելու, նրան ծեծի ենթարկելու, այնուհետև առևանգելու և իր կամքին հակառակ Ավան վարչական շրջանի «Ալադին» սրճարանում պատանդ պահելու փաստով:

Գ Շամշյանի տեղեկություններով՝ Հ. Տիշինյանը ծանր մարմնական վնասվածքներ է ստացել և այս պահին գտնվում է բժիշկների հսկողության տակ: 

Նրան ծեծի ենթարկելու և առևանգելու մեջ կասկածվում է Գուրգեն Մեխակյանը, ով, ըստ Հ. Տիշինյանի հայտարարության՝ 10 հոգով ծեծի են ենթարկել ու առևանգել իրեն: 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են դեպքի հանգամանքները և ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ միջադեպի մասնակիցներին պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ դաժան ծեծի ենթարկված Հ. Տիշինյանը սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը և տևական ժամանակ աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր ՊԵԿ հարկային ծառայությունում և ամիսներ առաջ կրճատման տակ է ընկել և ուղարկվել կադրերի ռեզերվ:

Տեղեկությունները, թե ծեծողերը ազգակցական կապ ունեն ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ հավաստի են, սակայն կասկածյալ ծեծողները, որոնց անունները նախաքննական շահերից ելնելով չենք հրապարակում, երկար տարիներ է՝ ոչ մի շփում չեն ունեցել և չունեն Ռ. Հայրապետյանի հետ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, օգոստոսի 14-ին, կրակոցներ էին հնչել Երևանում։ Ժամը 23։40-ի սահմաններում «Նաիրի» բժշկական կենտրոնից ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ «փակ գանգուղեղային տրավմա, գլխի գագաթային շրջանի սալջարդ, պատռված վերք» ախտորոշմամբ իրենց մոտ էր տեղափոխվել մի քաղաքացի։ 

Հիվանդանոց էին մեկնել ոստիկանության Ավանի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետի տեղակալի գլխավորությամբ։ 

Ոստիկանները պարզել էին, որ վիրավորը Երևան քաղաքի Կիևյան փողոցի բնակիչ՝ 24-ամյա Հայկ Տիշինյանն է, ով վնասվածքները ստացել էր նույն օրը, ժամը 15։30-ի սահամաններում, Երևան-Սևան ավտոճանապարհի «Բեկոն» մսամթերքի արտադրամասի մոտ։

Հ. Տիշինյանին մարմնական վնասվածքներ պատճառելու համար որոնվում է Երևանի բնակիչ Գուրգեն Մեխակյանը, ով իր մոտ եղած պնևմատիկ տեսակի հրազենով կրակել է Հ. Տիշինյանին պատկանող Toyօta Corolla մակնիշի ավտոմեքենայի աջակողմյան հատվածին, որից հետո 10-ից ավելի անձանց հետ փայտե և երկաթե ձողերով վնասել են Toyօta Corolla-ն և ավտոմեքենայից դուրս են հանել Հ. Տիշինյանին և ծեծի ենթարկել։ 

Այդ ամենը կատարելուց հետո, ըստ տեղեկությունների, Գ. Մեխակյանը Հ. Տիշինյանի կամքին հակառակ նստեցրել է Մեխակյանին պատկանող Lexus մակնիշի 777 ՏՍ 07 համարանիշի ավտոմեքենան և տեղափոխել Ավան վարչական շրջանում գործող «Ալադին» սրճարան, որտեղ շարունակել են Հ. Տիշինյանին ծեծի ենթարկել։ 

Դաժան ծեծի ենթարկված, առևանգված 24-ամյա Հայկ Տիշինյանն է


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

shamshyan.com

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն