Երևան, 24.11.2017, 18:41,

Հիվանդանոց տեղափոխված վրաերթի ենթարկված 3 քաղաքացիներից մեկը մահացել է. վրաերթի հեղինակը «Հայ Ավետարանչական» ընկերության աշխատակազմի ղեկավարն է

Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության պետ Աննա Մանթաշյանի որոշմամբ Դիլիջանի քննչական բաժնում ստեղծվել է քննչական խումբ, որտեղ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է երեկ՝ օգոստոսի 15-ին Տավուշի մարզում Ազատամուտ գյուղի բնակիչ, 49-ամյա Սենո Սարիբեկյանի կողմից 63-ամյա Տիգրան Հարությունյանին, 48-ամյա Շահեն Ոսկանյանին և 69-ամյա Աշոտ Սողոմոնյանին Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 103.7-րդ կմ-ին իր վարած ВАЗ 2121 մակնիշի 19 00 320 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի ենթարկելու փաստով:

Վրաերթի ենթարկվածները, ովքեր աշխատում էին «Հաղարծին» ՓԲԸ-ում, մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Դիլիջանի բժշկական կենտրոն, որտեղ Տ. Հարությունյանը, գիտակցության չգալով՝ մահացել էր:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Niva-ի վարորդ Ս. Սարիբեկյանը աշխատում է «Հայ Ավետարանչական» ընկերությունում՝ որպես աշխատակազմի ղեկավար:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, օգոստոսի 15-ին, վրաերթ էր տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 15։50-ի սահմաններում Տավուշի մարզի Ազատամուտ գյուղի բնակիչ՝ 49-ամյա Սենիկ Սարիբեկյանը Երևան-Իջևան ավտոճանապարհի 130-րդ կմ հատվածում իր վարած ВАЗ 2121 մակնիշի 19 ՕՕ 320 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի էր ենթարկել ճանապարհաշինարարներ՝ մեխանիկ Տիգրան Հարությունյանին և բանվորներ Շահեն Ոսկանյանին ու Աշոտ Ալիխանյանին։ 

Վարորդը փախուստի չէր դիմել, օգնել էր վրաերթի ենթարկվածներին տեղափոխել Դիլիջանի բժշկական կենտրոն։ 

Դեպքի վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Սերյոժա Ղալթախչյանի գլխավորությամբ։

Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել էր ոստիկանության Դիլիջանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը։ 

Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի հետաքննիչ Հարություն Մարգարյանի կողմից նյութեր էին նախապատրաստվում։ 

** 19:20 Քիչ հետո ֆոտոլրագրողը հայտնել էր, որ հիվանդանոցում մեխանիկ Տ. Հարությունյանը, գիտակցության չգալով՝ մահացել է: 

Փաստի առթիվ նախապատրաստված նյութերը ՃՈ հետաքննիչի կողմից փոխանցվելու էին Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

 

shamshyan.com

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն