Քրեական գործ է հարուցվել` ոստիկանության պաշտոնյայի կողմից խոշոր չափերով գումար հափշտակելու դեպքի առթիվ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ոստիկանության աշխատակցի կողմից խոշոր չափերով գումար հափշտակելու դեպքի առթիվ Արմավիրի մարզի Ջրաշեն գյուղի բնակիչ Ռ. Ռ.-ից ստացված հաղորդման հիման վրա:
Այսպես, Ռ. Ռ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2016 թվականի հունվարի 1-ից 2017 թվականի ապրիլն ընկած ժամանակահատվածում Շիրակի մարզի Աշոցք և հարակից համայնքների ավելի քան 70 անձանցից ձեռք է բերել խոշոր եղջերավոր անասուններ և, նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ընկերոջ` ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Աշոցքի բաժնի աշխատակցի միջոցով վաճառողներին փոխանցել 57մլն ՀՀ դրամ գումար: 

Սակայն ոստիկանության հիշյալ աշխատակիցն իրեն վստահված գումարներից 1.850.000 ՀՀ դրամն անասնատերերին փոխանցելու փոխարեն յուրացրել է, որի հետևանքով Ռ. Ռ.-ին պատճառվել է խոշոր չափերով գույքային վնաս:

Այսպիսով, պետական հատուկ ծառայություն իրականացնող ոստիկանության պաշտոնատար անձի կողմից յուրացման եղանակով խոշոր չափերով գույքի հափշտակության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով:

Կատարվում է նախաքննություն: 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն