Հայրենիքի համար պայքարելը հերոսություն չի ինձ համար, դա բոլորիս պարտքն է ծնված օրվանից. Մերօրյա պատերազմի ապրող ու ապրեցնող հերոս

Մեր իրականության մեջ, մեր կողքին շարունակում են ապրել իրական հերոսներ, ովքեր կյանքի և մահվան պայքար են մղել հանուն հայրենիքի, հանուն իրենց ազգի ևհավատքի: Ովքեր անգամ վիրավորվելուց հետո չեն ընկրկել` շարունակելով պայքարը հանուն մայր հողի: Արցախյան երկրորդ պատերազմի ապրող ու ապրեցնող հերոսներից մեկն էլ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղցի 26-ամյա Վարազդատ Սանեյանն է, ով վիրավորվել է, կորցրել երկու ձեռքերը վիրավոր եղբորը` Վարդանին, առաջին օգնություն ցուցաբերելիս: Նոյեմբերի 2-ին րոպեների տարբերությամբ կողք-կողքի ծանր վիրավորում ստացան երկու եղբայրները` Վարազդատն ու Վարդանը: Այդ օրը երկուսով մահվան սահմանագծին մոտեցան, բայց Աստծո կամոք երկուսով էլ վերադարձել են հայրենի Ծովագյուղ: Վարազդատն ու Վարդանը պայմանագրային խաղապահներ էին: Վարդանը` ավագ եղբայրը, Կոսովոյից վերադարձել, Արցախ էր գնացել: Թեպետ խաղաղապահ գումարտակի տարբեր վաշտերում էին, բայց հրամանատարին խնդրեցին կազմակերպել, որ նույն դիրքում լինեն:

Խոսելով 44-օրյա պատերազմի մասին Վարազդատ Սանեյանը մեզ հետ զրույցում խորը հոգոց հանելով ասաց.

-Չէինք պատկերացնում, որ պատերազմը նման ավարտ կունենա: Երկու եղբայրներով եղել ենք պայմանագրային զինծառայող, եւ առաջին իսկ օրը մեկնել ենք հայրենի հողը պաշտանելուն: Շատ դժվար էր, բայց որ գիտես հայրենիքի համար ես անում` ոգեշնչվում ես:

-Ինչո՞ւ ունեցանք նման ելք, չէ որ Դու ես ասում, որ չէիք սպասում նման ավարտի:

-Պատերազմ էր` անհավասար էին ուժերը: Իսկ մենք ու հայ զինվորն ընդհանրապես կռվել է մինչեւ վերջ, կռվել ենք մեր ունեցածով: Հայոց բանակի դեմ մի պետություն չի կռվել` առնվազն մի յոթ պետություն: Թշնամին ուներ հնարավորություն` դրա համար էլ ռազմի դաշտը լցրել էր վարձկաններով, մենք էլ նման հնարավորություն չենք ունեցել, բայց ունեցել ենք թասիբով հայ ազգ, թասիբով զինվոր: Ճիշտ է այդ օրերին շատերն են փախել ռազմի դաշտից` անօգնական թողնելով հայոց 18-20 տարեկան զինվորներին, հայրենի հողը, բայց հայրենասերները շատ-շատ են եղել:

-Վարազդատ, որտե՞ղ եք վիրավորվել դու եւ եղբայրդ:

- Ճարտարում` սկզբում կասետային ռումբից վիրավորվեց եղբայրս: Բարձր կանչում էր` «Վարո»: Հասա, տեսա` ոտքն է արյունոտ: Լյարդի մեջ էլ կային բեկորներ, բայց ես փորի հատվածը չտեսա, ասեցի` մի մտածի, ոտքդ է, շուտ կհանեմ: Մի կերպ գրկած եղբորս հանեցինք  թիկունք: Ասում էր` թողեք ինձ էստեղ, քնեմ: Մի քանի չափալախ տվեցի: Հանեցինք, Աստծուց էր` մի ավտո եկավ, դրինք մի քանի կմ տարանք: Հասանք «սկոռիին», դրեցի եղբորս մեքենայի մեջ, հետո իջա «սկոռիից», որ ախպորս բատինկեքը հանեմ, ոտքերը հանգստանան: Ձախը հանեցի, բայց որ աջը վիրավոր էր, ասաց` ցավում ա, մի արա, ձեռքերս թողեցի ու ռումբն ընկավ: Թևերս հետ թռան...: Եղբայրս վիրավոր պառկած «սկոռիի» միջից տեսավ, որ ձեռքերս համարյա պոկված են, ասացի` մի կողմ գնամ, որ ախպերս ինձ էդ վիճակում չտեսնի, բայց չկարողացա ինձ պահել ու ընկա: Ինձ էլ դրեցին «սկոռիի» մեջ: Դոշակները վառվում էին, հետևի դռներն էլ բաց էին: Ոտքով պահում էի, որ չընկնեի, դե, ձեռքերով չէի կարող պահել: Ախպերս էլ մի ձեռքով վիզս էր գրկել, որ չընկնեի, մյուսով դոշակի կրակն էր հանգցնում, որ չգար վրաս: Ռումբի հարվածից խաչս էլ էր ընկել, Վարդանը վերցրել, ձեռքում պահել էր, հետո նորից վիզս գցեց: Չգիտեմ` շատ դժվար է նկարագրելը...

Մերօրյա հերոսը իր սխրանքների մասին պատմել չի սիրումՀայրենիքի համար պայքարելը հերոսություն չի ինձ համար, դա բոլորիս պարտքն է ծնված օրվանից»:

Վարազդատն էլ` եղբայրն էլ թեեւ ծանր վիրավորումներին, այնուամենայնիվ պատրաստ են վտանգի դեպքում կրկին մեկնել առաջնագիծ.«Ապաքինվելուց հետո պետք լինի, էլի կմեկնեմ առաջնագիծ: Պետք է դու քո երկրի սահմանները պահես, որ հանգիստ լինես, ոչ թե ասես` պատերազմին մասնակցել ենք, վիրավորվել ենք, ուրեմն` վերջ, մեր պարտքն արդեն կատարել ենք: Մենք մինչեւ կյանքի վերջ էլ պարտք ունենք հայրենիքի հանդեպ…»,-ամփոփելով զրույցը ասում է մերօրյա ՀԵՐՈՍԸ:

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

Iravunk.com 

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն