Մեր բանակը անկոտրում է, մենք տեսանք՝ ինչպես էին 44 օր շարունակ մեր հերոս բալեքը կյանքի գնով կռվում մի քանի պետություններից ռազմի դաշտ նետված ագրեսորների դեմ. Լեգենդար Կոմանդոսը Հայոց բանակի կազմավորման 29-րդ տարելիցին ընդառաջ

«Հունվարի 28-ը պետք է անպայման նշել, մենք պետք է հիշենք եւ մեծարենք Հայ զինվորին, հայ սպային, հայ գեներալին: Բանակը մեղավոր չէ մեր այսօրվա օրվա համար: Բանակը , զինվորը արել են այն ինչ իրենցից հասնում էր, այլ բան է, որ նրանց գործողությունները շատ ժամանակ կամա, թե ակամա հանդիպել են խոչընդոտների: Ազգը չի կարող գոյատեւել եթե չունանա բանակ, մենք պետք է այսօր առավել քան երբեւէ անենք հնարավորն ու անհնարը մեր բանակը մարտունակ դարձնելու համար, որպեսզի կարողանանք առաջիկայում հաղթանակներ գրանցենք: Գլխավորը մենք պետք է հավատանք մեր բանակի մարտունակությանը եւ բազկի ուժին, առանց բանակ չկա ազգ»,- «Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով Բանակի կազմավորման 29-րդ տարելիցին ասաց գեներալ-մայոր, արցախյան ազատամարտի հերոս, Շուշիի ազատագրման հրամանատար ԱՐԿԱԴԻ ՏԵՐ-ԹԱԴԵՒՈՍՅԱՆԸ, ԼԵԳԵՆԴԱՐ ԿՈՄԱՆԴՈՍԸ, հավելելով.

-Ճիշտ է, այս անգամ մենք ունեցանք ցավալի կորուստներ, բայց դրանում մեղավորը բանակը, զինվորը չէր՝ դրանում մեղավորը ղեկավարությունն է: Այս պատերազմը թեեւ իր ծանր անդառնալի կորուստները տվեց բոլորիս, բայց մենք տեսանք, որ մեր զինվորները անհաղթ են , մեր բանակը անկոտրում է: Մենք տեսանք, թե ինչպես էին 44  օր շարունակ մեր հերոս բալեքը կռվում մի քանի պետություններից ռազմի դաշտ նետված ագրեսորների դեմ: Բանակը արել է հնարավորն ու անհնարը:

-Պարոն գեներալ, որո՞նք ենք այսօր մեր բանակի առաջնահերթությունները:

-Առաջին հերթին մեր բանակը պետք է զինվի ժամանակակից սպառազինությամբ, պետք է ունենանք վերապատրաստված մարտիկներ, ովքեր հեշտությամբ կտիրապետեն գերժամանակից սպառազինությունների օգտագործմանը: Պետք է վերականգնել մեր բոլոր կորուստները, պետք է ուղղենք մեր մեջքը եւ նոր հաղթանակներ գրանցել: Առաջնահերթությունները շատ-շատ են:

-ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը իր հարցազրույցներից մեկում ասել է, որ Հադրութը շուտով նորից կլինի մեր տիրապետության ներքո: Առկա սպառազինության պայմաններում Հադրութի վերադարձը, որքանո՞վ եք  հնարավոր համարում:

-Աստված տա Վիտալի Բալասանյանի ցանկությունը կատարվի, բայց պետքէ մի փոքր ռեալ գնահատենք իրավիճակկը: Մոտ ապագայում դժվար թե կարողանանք իրագործել այդ ցանկությունը: Դրան գնալու համար առաջին հերթին պետք է ունենալ հզոր, գերժամանակակից սպառազինություն: Մենք արձանագրում ենք, որ ունենք հզոր մարտիկներ, աննկարագրելի սխանրքների ընդունակ հերոս տղաներ, բայց ժամանակները փոխվել են, այսօր տեխնիկայի պատերազմներ է ամբողջ աշխարհում: Մեր ունեցած զենքերը պետք է նորացվեն գերժամանակակից զենքերով: Այսօրվա մեր հերոսները մարտնչել են ոչ թե զինվորի այլ տեխնելոգիաների դեմ: Հույս ունեմ, որ Վիտալի Բալասանյանը կկարողանա իրակացնել այս ամենը, որպեսզ հասնի իր եւ բոլորիս ցանկությանը:

-Պարոն գեներալ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում ասաց, որ Շուշիի 90 տոկոսը եղել է ադրբեջանական: Դուք Շուշին ազատագրած հրամանատարն եք՝հետաքրքիր է Ձեր գնահատականը հնչեցված մտքին:

-Շուշին իմ ցավն է, իմ անբուժելի սպին , որի վրա, ցավոք, վերջին շրջանում անընդհատ աղ են լցնում մռրմռացնելու համար: Շատ շատ ցավալի է, որ մեր ղեկավարը նման հայտարարություններ է անում, դա ինձ համար հարված է թիկունքից: Շուշին եղել է եւ կա հայկական քաղաք, անկախ նրանից , թե ում ձեռքում է այն այսօր:

 

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 Iravunk.com 

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն