ԱՐԴՅՈՔ՞ ԿԱՐԵԼԻ ԷՐ ԿԱՆԽԱՏԵՍԵԼ "ԿՈՐՈՆԱՃԳՆԱԺԱՄԸ։

Armenian Medicin

Այո, այս իրավիճակը կանխատեսելի էր՝ տարբեր երկրների պաշտոնական տվյալներով աշնանը սպասվում էր երկրորդ կրկնակի սաստիկ ալիք, կամ առաջին ալիքի ուժեղացում։ Ես ինքս կանխատեսում էի հոկտեմբերի15-ին 1500 նոր դեպք/պաշտոնապես՝ 1465 դեպք էր/։
Բայց այս թվերը դեռ իրական տվյալները չեն։ 30-40% դեպքերում ունենք թեստի բացասական արդյունք այն պարագայում, երբ մարդու մոտ առկա են կորոնավիրուսի բոլոր ախտանիշները և/կամ տիպիկ վիրուսային թոքաբորբի ռենտգեն կամ ՀՇ պատկերը։ Այսինքն, ունենք կեղծ բացասական թեստեր, և խոսքը թեստերի որակի կամ հետազոտության տեխնիկական թերությունների մասին չի, այլ նրա, որ վիրուսը 7օր հետո կարող է չհայտնաբերվել վերին շնչուղիների լորձաթաղանթում։ Եվ այս հիվանդները չեն համալրում պաշտոնական տվյալները, իսկ ամենասարսափելին, որ չեն գտնվում բժշկական հսկողության ներքո, չեն բուժվում, մեկուսացված չեն և հանդիսանում են վարակի տարածման աղբյուր։ Այս մենք շատ լավ հասկացել էին դեռ առաջին ալիքի ժամանակ։ Նշեմ նաև, որ ունենք մի ստվար զանգված վարակակիրներ, որոնք անգամ չեն թեստավորվում տարբեր պատճառներով , և հիմնվելով միայն ռենգեն հետազոտության կամ համակարգչային շերտագրման արդյունքների վրա, տանը բուժում են ստանում լավագույն, բայց անընդունելի դեպքում՝ ծանոթ բժշկի կողմից, իսկ վատագույն և անթույլատրելի դեպքում՝ ծանոթ կորոնավիրուսով հիվանդի բուժումը կրկնօրինակելով։ Գումարած նաև ունենք մի մեծ քանակ ջերմող վիրավոր զինվորներ/որոնց չեն թեստավորում/ և Հայաստանում ապաստարան գտած արցախցի ընտանիքներ/որոնք ոչ բոլորն են թեստավորվում/։

Եվ այս ամենը, այո, ունի իր տրամաբանական բացատրությունը. հիվանդանոցները գերծանրաբեռնված են, հիվանդանոցները զինվորների համար են, երկրում ճգնաժամ է, պատերազմ է, առողջության առաջնային պահպանման օղակը չի հասցնում այդքան վարակակիր վերհսկել, բժիշկների մեծ մասը հիվանդ են։ Իսկ ինչ՞ անի վիրուսին թերահավատորեն վերաբերվող մեր ժողովուրդը, ուրեմն թող ինքն իր "գլխի ճարը տեսնի"։
Եթե ամռանը 700 դեպքի ժամանակ պաշտոնական տվյալներով 200-ը սպասում էր հոսպիտալիզացիայի, հիմա պարզ է 700-ը կսպասի, իսկ ոչ պաշտոնական՝ կրկնակի և ավելին, մոտ 1500-ը, խոսքս բացասական թեստով կամ ընդհանրապես չթեստավորված, բայց կովիդ ախտանիշներով և հաստատված թոքաբորբով հիվանդների մասին է։ Ասեմ, որ հիմա հիվանդանոցում բուժում ստանալու համար հերթին սպասողները հիմնականում ծանր հիվանդներն են, միջին ծանրության հիվանդները արդեն չեն հոսպիտալացվում։ Իսկ վերջին միջազգային նորությունները փաստում են, որ ծանր covid19 չի լինում, դրանք ուշացած և բարդացած դեպքերն են ։ Covid19 ճիշտ,արագ, վաղ ախտորոշելու և բուժելու դեպքում կարող ենք նվազեցնել բարդությունները և վիճակի ծանրացումը։


Ելք կար՞։ Այո կար և հիմա էլ կա։ Առաջինը, դաշտային հիվանդանոցներ ստեղծել, կամ տնային հոսպիտալներ։ Այսինքն ծանր հիվանդները, որոնք ենթակա էին հոսպիտալացման, ոչ թե սպասեն օրերով իրենց հերթին, բարդացնելով վիճակը, կամ ծանոթ գտնեն, ոի իրենց հերթը առաջ գցի, այլ բուժում ստանան ծանր դեպքերի վարման համար մշակվսծ արտահիվանդանոցային ուղեցույցներով բժշկի հսկողության ներքո՝ կամ տանը, կամ դաշտային հոսպիտալներում։ Օրինակ, երբ համալիրում մահճակալներ տեղադրված նկարը համաճարակի առաջի ամիսներին ցնցեց համացանցը, վախ ու սարսափ ներշնչեց, հիմա շատ տեղին կլիներ օգտագործել, քան թե տանը խեղդվող և օգնություն հայցող մարդկանց հույսով սպասեցնել։ Նշեմ, որ տանը շատ արդյունավետ կարելի է բուժում կազմակերպել ծանր հիվանդներին, անգամ թթվածնակախյալ /եթե թթվածնի սարքերը լինեն/, բժշկի հեռավար հսկողության ներքո և փրկել կյանքեր։


Երկրորդ առաջարկը՝ համաճարակի սկզբից բազմաթիվ հյուրանոցներ և տարածքներ օգտագործեցին կոնտակտավորներին մեկուսացնելու նպատակով, հիմա այդ կառույցները կարող են ծառայել դաշտային փոքր հոսպիտալներ ձևավորելու համար։ Գոնե կարճատև, 3-5 օրով հոսպիտալացնել ծանր հիվանդին, իսկ վիճակն բարելավելուց հետո բուժումը կշարունակի տանը։ Թթվածնակախյալ հիվանդներին, որոնք տանը սպասում են իրենց հերթին, ապահովել գոնե թթվածնի շրջիկ սարքերով 1-2օր։ Անգամ վարձակալությամբ տրվող շրջիկ թթվածնային սարքերը հնարավոր չի ձեռք բերել, սպառվել են։ Մեծ դժվարությամբ է ստացվում կապվել շտաբ բուժօգնություն կամ տրիաժ կենտրոնների հետ, չեն պատասխանում, որովհետև օգնել չեն կարողանում և հիվանդանոցներում ազատ տեղեր չկան։


Ինչ որ բան պետք է շտաբ ձեռնարկել։ Քանի որ եղանակը արդեն փոխվեց, հիմա բոլոր քրոնիկ /սրտանոթային, թոքային, էնդոկրին, երիկամային և այլ/ հիվանդությունների սրացում կգրանցվի, կմիանան սեզոնային վերին շնչուղիների այլ վարակային հիվանդություններ և covid19 ընթացքը ավելի կբարդանա, կավելանան ծանր դեպքերը և մահերը։ Առողջ եղեք։

Ներքին հիվանդությունների բժշկության հայկական ասոցիացիայի հիմնադիր և նախագահ,թերապեվտ-սրտաբան Լամարա Մանուկյան

 

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն