Ոստիկանության աշխատակիցներին ստիպում են վերադարձնել երեխայի համար ստացած միանվագ օգնության գումարները

Ոստիկանության այն աշխատակիցները, ովքեր օգտվել էին Կառավարության հակաճգնաժամային 9-րդ միջոցառումից` անչափահաս երեխային տրվող 26500 դրամ  աջակցությունից, պետք է հետ վերադարձնեն ստացած գումարը: Այս մասին NEWS.am-ին ահազանգեց Ոստիկանության համակարգի աշխատակիցներից մեկը, որը չցանկացավ ներկայանալ:

«Հրամանատարները բոլորիս եկել, հայտնել են, որ ստացած գումարը պետք է հետ բռնագանձվի, կամ եթե չենք հասցրել ստանալ, այլեւս չստանաք, մեզ ոչ մի պատճառ չեն ներկայացրել, թե ինչու պետք է հետ տանք այդ գումարը: Առանց այդ էլ մեծ գումար չէր մեր այս օրերի տանջալից աշխատանքի դիմաց»,- բողոքեց աշխատակիցը:

Նա  նշեց, որ կարանտինի ընթացքում տարբեր մարզերում են ծառայություն անցկացրել, եւ շատ ժամանակ սեփական միջոցներով են հասել ծառայության վայր:

Նշենք, որ ՊՊԾ գնդի աշխատակիցներին եւս հորդորել են հետ վերադարձնել գումարները:

Ոստիկանության լրատվական ծառայությունից պարզաբանեցին, որ ծրագրով շահառու  են հանդիսանում այն երեխաները, որոնց երկու ծնողներն էլ չեն աշխատում, այնինչ ոստիկանները գրանցված աշխատողներ են: Իսկ այն հարցին, թե այդ դեպքում ինչպես են նրանց ընտանիքները հայտնվել շահառուների ցուցակում, պատասխանեցին՝ ծրագիրը իրենք չեն իրականացնում, այլ Կառավարությունն է իրականացնում:

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն