ՀԱՂԹԵԼ՝ ՍԻՐԵԼՈՎ

ՀԱՂԹԵԼ՝ ՍԻՐԵԼՈՎ

Գրական երաժշտական երեկո՝ նվիրված մայիսյան հերոսամարտերին

Ավելի քան յոթ տասնամյակ առաջ մեր պապերի սերունդը ելավ ֆաշիզմի դեմ պայքարի՝ աշխարհակործան մի ուժ, որի հաղթանակի դեպքում վտանգվելու էր մարդկությունը: Կես դար անց նորից պատերազմ էր: Մարտի ելան Հայրենական Մեծ պատերազմին մասնակցած այն ազնվայրերի զավակները, որոնք Բեռլինում պարել էին մեր հաղթական «Քոչարին»: Նորից հաղթեց հայ զինվորը. սրբագրելով պատմական անարդարությունը՝ ազատագրեց Արցախ աշխարհը, որը մեր հետագա հաղթանակների հիմնաքարն է: Հաղթել է հայը, որովհետև սիրում է մարդուն ու մարդկությանը:

Մեր գոյատևման պայքարի ճանապարհին անմահացան շատերը: Նրանք ընկան, որ մենք այսօր Հայրենիք ունենանք ու պահենք: Հայոց նորագույն պատմության էջերում ցավով ու հպարտությամբ գրվեց նշխարի նման սուրբ մի ամսաթիվ՝ մայիսի 9-ը՝ Հայրենական պատերազմում տարած հաղթանակի օրը, որին նախորդում է Շուշիի ազատագրման օրը… Մայիսյան հաղթանակները կերտած մեր քաջերի սխրանքն անմահ է, նրանց հայտնի ու անհայտ անունները՝ մեր սրտերում:

Մայիսի 9-ին մեր արվեստագետներից մեկը՝ ճանաչված ասմունքող Լիանա Զուրաբյանը Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի Առնո Բաբաջանյան համերգասրահում ներկայացրեց «Հաղթանակ» խորագիրը կրող գրական-երաժշտական երեկոն:
«Սիրու՞մ ես, ուրեմն հաղթել ես»,- բնաբանն ինքնին հուշում էր, թե ինչ գաղափարի շուրջ է հյուսվելու միջոցառումը: Եվ, իսկապես, նա ընտրել էր հայ պոեզիայի այն գանձերը, որոնք համահունչ էին օրվա խորհրդին և մեկ անգամ ևս հիշեցնում էին այն մասին, որ հայը հաղթել է ոչ թե հրով ու սրով, այլ՝ ապրելով, արարելով ու սիրելով: Հաղթել է, որովհետև ծնել է Դավիթ Անհաղթ, Գրիգոր Նարեկացի, Շնորհալի, Կոմիտաս…Իսկ Հայոց հողը հետո էլ ծնել է նոր հնճարներ ու մեծեր՝ Թումանյան, Չարենց, Տերյան, Սևակ, Սահյան, Շիրազ…

Բեմի վարագույրի հետևից հնչում է Ամենայն Հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի քառյակները, որոնք նրա տիեզերական մտքի խտացումներն են:
Լիանա Զուրաբյանի մատուցմամբ հանդիսատեսն ունկնդրում է Թումանյանի քառյակները, որոնք նա նվիրում է Բանաստեղծի ծննդյան 150-ամյա հոբելյանին:
Բացվում է վարագույրը: Բեմը նման է պարտեզի, որտեղ միայն կարմիր վարդեր են աճել, վառվող մոմերն, ասես, երկնքից պոկված կանթեղներ են: Ծաղիկները կռիվներում ընկած նահատակ զինվորներն են, իսկ մոմերը՝ նրանց հոգիներից արձակված պայծառ լույսը, որ միշտ մեզ հետ են լինելու: Իսկ բեմի ձևավորման այս ինքնատիպ լուծումը պատկանում էր շնորհալի դիազայներ, Harmoni Events սրահի տնօրեն Անի Հակոբյանին:

Բազում պատմական լուսանկարներ վկայում են , որ հայ զինվորները մարտի են գնացել ՝ Հայոց հայրապետի և քահանաների օրհնությունը ստանալով: Հիշատակի աղոթքը իբրև սկիզբ ՝ ճիշտ լուծում կլիներ նահատակ հերոսներին ոգեկոչելու համար: Եվ Լիանա Զուրաբյանը գտել էր հանդիսատեսի սիրտը տանող ամենաազդեցիկ խոսքը. հնչում է Կոմիտասի «Տեր ողորմեա»-ն: Իսկ բեմում «Էմմանուել» պարային համույթն է (Գեղ. ղեկ.՝ Հասմիկ Մկրտչյան)՝ հրեշտակների կերպարներով: Իսկ Լիանա Զուրաբյանը մարմանվորում է մարտի գնացած քաջորդիների տունդարձի համար աղոթող, ընկածների հիշատակը խնկարկող հայուհուն, ով մայր է և քույր:

Ու հորդում է հայ բանաստեղծությունը՝ Չարենց, Տերյան, Սևակ, Սահյան , Շիրազ, Գևորգ Էմին…Հնչում է հայ ազգի հարատևության օրհներգը դարձած չարենցյան «Ես իմ անուշ Հայաստանի»-ն: Ամեն տողին արձագանքում է է նաև դահլիճը: «Հաղթանակ» գրական-երաժշտական երեկոն բացվում է հայրենասիրության էջով: Ունկնդիրը տեղափոխվում է Համո Սահյանի աշխարհը՝«Հայաստան ասելիս», «Ախր ես ինչպես», «Ես այն եմ եղել»…Եվ սահյանական բանաստեղծություններում հառնում է Հայկական բարձրավանդակում հազարամյականեր ի վեր քարափի պես ծանր նստած ՝ «Քարին տարեկից» Հայաստանը: Եվ իր ապրած դարերի բարձունքից աշխարհի հետ հայ ազգը խոսում է Գևորգ Էմինի շուրթերով՝

Զգո՜ւյշ խոսիր Հայաստանում:
Զգո՜ւյշ խոսիր Հայաստանում,—
Նե՜ղ են ճամփեքը լեռնական,
Երկու հոգու տեղ չեն անում,
Թէ դեմ-դիմաց ելնեն հանկարծ,
Թէ բարեկամ ես ու ընկեր,
Ա՜նց կկենաք իրար գրկված,
Թե դաւով ես այստեղ ընկել,
Կգլորվես ժայռերից ցած,
Ո՞վ եղավ քո գալու վկան,
Գնալըդ ո՞վ է իմանում…
Նե՜ղ են ճամփեքը լեռնական,

Զգո՜ւյշ քայլիր Հայաստանում,
Զգո՜ւյշ գործիր Հայաստանում…

Հայ ազգի խոհափիլիսոփայական աշխարհը Լիանա Զուրաբյանը ներկայացնում է ՝ Պարույր Սևակի պոեզիայի գանձարանից նմուշներ կարդալով: Շուբերտի «Ավե Մարիայի» հնչյունների ներքո նա կարդում է Պարույր Սևակի «Օգնիր ինձ, Մարիամ» բանաստեղծությունը: Աղոթք-երաժշտությունը և աղոթք-բանաստեղծությունը ստեղծում են հիանալի ներդաշնակություն: «Ապրել» բանաստեղծությունը հնչում է արդեն որերո՜րդ անգամ…և հնչում է որպես ապրելու բանաձև՝ ուղղված ամենքիս: Իսկ մյուս մեծերի ստեղծագործություններն ավելի են ամբողջացնում «Հաղթանակ» գրական-երաժշտական երեկոյի «Խոհ» էջը: Առանցքում նորից բոլոր ժամանակների հանճարներին ոգեշնչած հերոսն է՝ Սերը:

 

 

 

 

Դաշնակահարուհի Աննա Քոչարյանը կատարում է Սմբատ Շահազիզի «Երազ» բանաստեղծության հիման վրա ստեղծված չքնաղ երաժշտությունը՝ ազդարարելով մայրերգության էջի բացումը: Լիանա Զուրաբյանի ինքնատիպ մատուցմամբ հնչում են մայրերին նվիրված բանաստեղծությունները՝ Սահյան, Շիրազ, Սևակ…Դրանց հասցեատերերը մայրերն են՝ այդ թվում ասմունքողուհու մայրիկը, որ նստած էր դահլիճում և ներքին հպարտությամբ հետևում էր դստեր ելույթին: Եվ ի՞նչ է ուզում հայ մայրն աշխարհում: Ուզում է, որ չլինեն պատերազմներ, որ ոչ մեկի զավակները ալ ծաղիկներ չդառնան մարտերում, լինեն, մնան բոլորի հետ ու շենացնեն օջախները: Եթե անգամ ստիպված մարտի էլ գնան, վերադառնան հաղթությամբ: Ժողովրդական բանահյուսությունից եկած «Դու պարտավոր ես վերադառնալ» փոքրիկ բանաստեղծությունը դրա մասին է, որը հնչում է որպես հրաման:

Լիանա Զուրաբյանը ներկայացրեց նաև Սասուն Պասկևիչյանի և բանաստեղծ Լևոն Բլբուլյանի գործերից: Մեր մշակութային կյանքի երկու տաղանդավոր արվեստագետներ, որոնք իրենց ներկայությամբ հարստացնում են մեր հոգևոր կյանքը՝ իրենց ստեղծած արդեն իսկ մնայուն դարձած մշակութային անգին գոհարներով: Նրանց ստեղծագործությունները խորհրդանշեցին հաղթանակն ու կյանքը: Իսկ վերջերս կյանքից հեռացած Մեծն Շառլ Ազնավուրի «La Bohème» երգի հնչյուններն ինձ մեկ անգամ ևս հիշեցրեցին Պարույր Սևակի այս տողերը՝

Եթե տիրել ենք՝
Լոկ մեր ձիրքերով,
Եթե գերել ենք՝
Լոկ մեր ձիրքերով…

«Հաղթանակ» գրական-երաժշտական երեկոյի ընթացքում հանդես եկան նաև երիտասարդ կատարողներ՝ կիթառահարուհի Ելենա Երևանը հնչեցրեց գուսան Գագիկ Հայկազունու «Հայեր միացեք»-ը, որը ժամանակին ուժ ու կորով է ներշնչել պայքարի ելած մեր ազգին: Շնորհալի երգիչ Գագիկ Օսիպյանի ինքնատիպ կատարմամբ հնչեց գուսան Շահենի հայտնի «Զեփյուռ կդառնամ» երգը: Արվեստի դպրոցի փոքրիկ սան Մարիաննա Զարգարյանը կատարեց իտալական հայտնի «O sole» երգը:

Գրական-երաժշտական երեկոն չէր կայանա, եթե չլիներ պոեզիան գնահատող, ինչպես Լիանա Զուրաբյանն է սիրում ասել՝ «տաք, ջերմ ունկնդիրը»: Դահլիճը լեփ –լեցուն էր: Ունկնդիրների շարքերում քիչ չէին տարեցները, որոնցից ամենաավագը 85-ամյա Լենա տատիկն է, ով բաց չի թողնում և ոչ մի գրական հանդիսություն: Իսկ երեկոն ամբողջ ընթացքում լուսաբանում էին օպերատոր Արման Պապիկյանը , լուսանկարիչներ Հենոն և Գագիկ Պողոսյանը: Եվ ասմունքողուհին նրանց հայտնում է իր խորին շնորհակալությունը:

-Հաղթելը միայն մեկ օրով չէ, հաղթանակ ամեն օր պետք է լինի, պետք է միասնական լինենք միշտ , իրար սիրող և ստարող,-ասում է Լիանա Զուրաբյանը: Հենց սա կարելի է համարել ասմունքողուհու ուղերձն իր հանդիսատեսին: Իսկ սիրելով հաղթելու ճանապարհները ամեն մեկը կփնտրի մեծերի այն բանաստեղծություններում, որոնք հնչեցին երեկոյի ընթացքում: Ես էլ գտա ի՛մ բանաձևը: Եվ դա Գարեգին Նժդեհի այս խոսքերի ճշմարտությունն է.

-Մարդկային գործերի մեջ Հայրենիքի պաշտպանությունն է ամենասրբազանը:

Հասմիկ Պողոսյան
Լուսանկարները՝ Գագիկ Պողոսյանի

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն