Երևան, 20.11.2018, 17:15,

«Շատերը պնդում են, որ միակ ճշմարտությունն էմոցիայի վրա հիմնված սեփական ցանկությունն է». Երվանդ Վարոսյան

Քանի որ վերջին օրերին շատ խոսվեց, այն մասին, թե հանրությունը ցանկանում է ձերբակալման ու կալանավորման հիմքերի մասին իրազեկ լինել, հնչեցին կարծիքներ, թե շատ դեպքերում աղմուկ է բարձրանում իրավական նրբություններին չտիրապետելու արդյունքում, որոշեցի հնարավորինս կարճ անդրադառնալ այդ հանգամանքին (թեև համոզված եմ, որ շատերին սա էլ չի հետաքրքրելու ու շարունակելու են պնդել, որ միակ ճշմարտությունը էմոցիայի վրա հիմնված սեփական ցանկությունն է):
     Այսպես՝
     ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 129-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. «Հանցանք կատարելու մեջ կասկածվող անձը կարող է ձերբակալվել հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի կողմից հետևյալ հիմքերից յուրաքանչյուրի առկայության դեպքում, եթե`
     1) նա բռնվել է քրեական օրենքով չթույլատրված արարքը կատարելիս կամ այն կատարելուց անմիջապես հետո.
     2) ականատեսն ուղղակի մատնանշում է տվյալ անձին որպես քրեական օրենքով չթույլատրված արարքը կատարողի.
     3) տվյալ անձի կամ նրա հագուստի վրա, նրա կողմից օգտագործվող այլ իրերի վրա, նրա մոտ կամ նրա բնակարանում կամ տրանսպորտային միջոցում հայտնաբերվել են քրեական օրենքով չթույլատրված արարքի կատարմանը նրա առնչությունը վկայող բացահայտ հետքեր.
     4) կան այլ հիմքեր հանցանքի կատարման մեջ կասկածելու անձին, որը դեպքի վայրից կամ քրեական վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու փորձ է կատարել կամ չունի բնակության մշտական վայր կամ բնակվում է այլ տեղանքում, կամ որի անձնավորությունը պարզված չէ»:

Ձերբակալումը որպես հարկադրանքի միջոց կիրառվում է 72 ժամ տևողությամբ ու դրա միակ նպատակն է հանցանքի կատարման պահին կամ անմիջապես հետո բռնված անձին դատարան ներկայացնելը՝ արդեն կալանավորումն իբրև խափանման միջոց ընտրելու հարցը քննարկելու համար։ Ակնհայտ է, որ հարկադրանքի այս միջոցը չի կարող կիրառվել ենթադրյալ հանցանքի կատարումից օրեր անց, քանի որ արդեն չի կարող լինել անձին դատարան ներկայացնելու համար անազատության մեջ պահելու անհրաժեշտություն ու անձն արդեն հանգիստ կարող է ներկայացվել դատարան առանց ձերբակալման։
     Ավելին, ենթադրյալ հանցագործության կատարումից հետո օրեր շարունակ անձի կողմից թաքնվելուն ուղղված որևէ գործողություն չկատարելն ինքնին բացառում է դա կանխելու նպատակով նրան արգելանքի վերցնելը։
     ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը, ՀՀ նոր Սահմանադրության ընդունումից հետո բազմաթիվ որոշումներ է կայացրել, որոնցով ոչ իրավաչափ է ճանաչել անձի ձերբակալումն այն դեպքում, երբ այդ հարկադրանքի միջոցը կիրառվել է արդեն ենթադրյալ հանցագործությունը կատարելուց օրեր, շաբաթներ կամ ամիսներ անց։
     ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. «Դատարանը, դատախազը, քննիչը կամ հետաքննության մարմինը խափանման միջոց կարող են կիրառել միայն այն դեպքում, երբ քրեական գործով ձեռք բերված նյութերը բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ կասկածյալը կամ մեղադրյալը կարող է`
     1) թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից.
     2) խոչընդոտել մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը` քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու, գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ կեղծելու, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով առանց հարգելի պատճառների չներկայանալու կամ այլ ճանապարհով.
     3) կատարել քրեական օրենքով չթույլատրված արարք.
     4) խուսափել քրեական պատասխանատվությունից և նշանակված պատիժը կրելուց.
     5) խոչընդոտել դատարանի դատավճռի կատարմանը:

Այսինքն անձի նկատմամբ խափանման միջոց կարող է ընտրվել միայն այն պարագայում, երբ քրեական գործով ձեռք բերված ապացույցները վկայում են այն մասին, որ անձը նպատակ ունի կատարել վերը նշված կետերով նախատեսված գործողություններից որևէ մեկը։
     Այս դեպքում վերագրվող արարքը կատարած լինելու վերաբերյալ ապացույցները անհրաժեշտ են արարքի հետ առնչության մասին հիմնավոր կասկածի համար (անհրաժեշտ պայման), բայց ոչ բավարար։ Ընդ որում վերը թվարկված կետերով նախատեսված գործողությունների կատարման վտանգի մասին պիտի վկայեն հենց ապացույցները և այդ վտանգի առկայության մասին հետևությունները չեն կարող լինել զուտ ենթադրություններ։

Մեր պետության ու հասարակության պրոբլեմը կայանում է նրանում, որ այդպես էլ չկարողացանք դուրս գալ սովետական այն կաղապարից, երբ ձերբակալումն ու կալանավորումը դիտարկվում են ոչ թե իբրև հարկադրանքի կամ խափանման միջոց, որոնցով միայն ապահովվում է գործի քննության բնականոն ընթացքն ու մեղադրյալի պատշաճ վարքագիծը, այլ դրանք պատկերացվում են իբրև պատիժ․․․ Դրանց չկիրառումն էլ՝ պատժից խուսափել։ Եվրոպական դատարանի կողմից կայացված բազմաթիվ նախադեպային որոշումներով սահմանված է, որ ձերբակալման կամ կալանավորման կիրառումն իբրև պատիժ այն դեպքում, երբ դրանց համար օրենքով սահմանված հիմքերը չկան հանգեցնում է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 5-րդ հոդվածով նախատեսված իրավունքի խախտման։
     Իսկ թե անձին վերագրվող արարքը տեղի ունեցել է, թե ոչ, այն հանցագործություն է, թե ոչ, պատժելի է, թե ոչ և եթե այո` ինչպիսի պատիժ պիտի նշանակվի կոնկրետ անձի նկատմամբ, հարցեր են, որոնք պետք է լուծվեն նախաքննության, ապա դատական քննության ընթացքում։

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն