Ադրբեջանին նույնիսկ «ռագադկա» չի կարելի վաճառել. Դավիթ Բաբայան

Որոշ ժամանակ առաջ մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը Ուկրաինայից 50 միավոր РК-2С և РК-2ОФ տեսակի կառավարվող հակատանկային հրթիռ է գնել: Սրանից մի քանի օր հետո էլ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է հրապարակել, որտեղ ասվում է, որ Ռուսաստանից Բաքվի նավահանգիստ է հասցվել ժամանակակից զինտեխնիկայի խոշոր խմբաքանակ ու ռազմամթերք: Հայտարարության մեջ նվում է, որ նույն տեխնիկան հաջողությամբ կիրառվել է Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական գործողությունների ժամանակ՝ 2016-ի ապրիլին:

«Մեծ քանակությամբ կենդանի ուժի, տեխնիկայի ու այլ միջոցների ոչնչացումը մեր կողմից այս նույն զինատեսակներով արդեն իսկ 2016-ին ապացուցել են իրենց արդյունավետությունը»,- ասված է հայտարարության մեջ: Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը Ուկրաինայի՝ Ադրբեջանին զենք վաճառելու քայլի վերաբերյալ ասել էր, որ Ուկրաինայի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքը նշանակում է՝ սատարել ահաբեկչությանը: «Հայկական ժամանակ»-ի հարցին, թե Հայաստանն ու Ռուսաստանը ռազմավարական գործընկերներ են, որքանո՞վ է Ռուսաստանի այդ քայլն ազնիվ, ԱՀ նախագահի խոսնակն ասաց, որ մենք պետք է խնդրի հետ կապված ամեն ինչ հաշվի առնենք.

«Ընդհանրապես, երբ խոսում ենք ռազմավարական գործընկերության մասին, պիտի հաշվի առնենք բազմաթիվ գործոններ: Դժբախտաբար, հնարավոր չէ այնպես անել, որ Ադրբեջանին որևէ մեկը զենք չվաճառի: Դա մեզ համար, իհարկե, ցավալի է: Մյուս կողմից, եթե կան այդպիսի միտումներ, մենք պետք է տեսնենք՝ ինչքանով ենք ի վիճակի այդ գործընթացները փոխել: Դրա համար ժամանակ է պետք, քրտնաջան աշխատանք է պետք: Մենք երբևիցե չպետք է ընկնենք հիստերիայի գիրկը, չընկնենք պրովոկատորների հետևից, ովքեր ուղղակի բղավում են՝ իրենց հայրենասերի տեղ դրած, ովքեր ասում են՝ դե որ զենք է վաճառում, ուրեմն մեր դեմ է, մենք պիտի Ռուսաստանի հետ հարաբերությունները խզենք՝ մոռանալով ում հետ ենք մենք հարևան: Այդ պրովոկատորներն ի վիճակի՞ են պահել սահմանը: Նույն Թուրքիան: Թուրքիան էլ է ահաբեկչական երկիր, չի հարձակվելու՞: Հետևաբար, պիտի ամեն ինչ հաշվի առնենք: Դա չի նշանակում, որ ինչ-որ ուժերի պետք է հնազանդ լինենք, այլ պետք է ամեն ինչ հաշվի առնենք և ասենք՝ այ սա մեր տեսակետն է: Մենք դեմ ենք, որ նույնիսկ «ռագադկա» վաճառեն Ադրբեջանին՝ այդ թվում Ռուսաստանը»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն