Երևան, 20.11.2018, 17:10,

Ադրբեջանի հետ որևէ քաղաքակիրթ պետություն, ընդհանրապես, չպետք է առնչվի. Դավիթ Բաբայան

Ադրբեջանի քաղաքականությունն իր էությամբ ահաբեկչական է, դրա համար էլ բանակցային գործընթացի խաղաղ կարգավորման շուրջ բոլոր կարևոր հանդիպումների ժամանակ, դրանցից հետո և դրանց նախօրյակին Բաքուն տապալման նպատակով անպայման առաջնագծում դիմում է սադրիչ գործողությունների:

Այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանն՝ անդրադառնալով երեկ՝ հունվարի 20-ին, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային հատվածում հակառակորդի կողմից ձեռնարկված հերթական սադրանքին՝ որտեղ անօդաչու թռչող սարքից հայ դիրքապահների ուղղությամբ կիրառվել է ականանետի արկ:

«Մենք այսպիսի քաղաքականությանը սովոր ենք և ավելին, նաև կանխատեսել ենք, որ հատկապես 2018 թվականին հակառակորդի կողմից սադրիչ գործողությունները յուրահատուկ բնույթ են կրելու, քանի որ Ադրբեջանում սպասվում են մի շարք իրադարձություններ: Նախ՝ այս տարի Ադրբեջանում նախագահական ընտրություններ են լինելու, բացի դրանից 2018-ին լրանում է այդ արհեստածին պետության ձևավորման 100-ամյակը, Հեյդար Ալիևի ծննդյան 95-ամյակը, և այսպես կոչված, լրանում է նաև Աղդամի, Ֆիզուլու, Ջեբրայիլի, Կուբաթլուի, Զանգելանի, Քելբաջարի հենակետերի, կրակակետերի «կորուստի» 25-ամյակը, և բնական է, որ այս ամենը պարարտ հող է ստեղծում շահարկումների, ստի, հայրենասիրական բղավումների համար: Եվ այս առումով նրանք ագրեսիվ քայլեր են ձեռնարկելու տեղեկատվական դաշտում, քաղաքական, դիվանագիտական հարթություններում, իհարկե նաև տարբեր սադրանքների են դիմելու սահմանի երկայնքով. սա է էությունն այդ պետության»,- ասել է հանրապետության նախագահի մամուլի քարտուղարը:

Դ. Բաբայանի կարծիքով՝ լայնածավալ պատերազմի վտանգ առայժմ չկա, բայց պետք է պատրաստ լինենք, քանի որ այդպիսի ահաբեկչական, կեղտոտ քայլերի թշնամին տարվա ընթացքում պարբերաբար փորձելու է դիմել:

Այս ֆոնին խոսելով նաև օրերս Ռուսաստանի կողմից Արդբերջանին զենքի հերթական խմբաքանակի մատակարարման վերաբերյալ՝ Դ. Բաբայանը նշեց, որ պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը չի փոխվել, և մենք դեմ ենք Ադրբեջանին որևէ պետություն կողմից զենք վաճառելու գործարքին:

«Մենք գտնում ենք, որ Ադրբեջանի հետ որևէ քաղաքիրթ պետություն, ընդհանրապես, չպետք է առնչվի, քանի որ այդ երկիրը վարում է ահաբեկչական քաղաքականություն: Բացի Արցախի դեմ պարբերաբար իրականացվող ռազմական գործողություններից, ներկայումս ադրբեջանցի մոտ 1000 գրոհայիններ մասնակցում են «Իսլամական պետություն» ահաբեկչության կազմակերպության շարքերում: Իսկ այդ պայքարը քաղաքակիրթ աշխարհի դեմ է՝ այդ թվում՝ Ռուսաստանի»,- ասել է Դ. Բաբայանը:

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն