Որտե՞ղ կլիներ Ծառուկյանը, եթե ոմանց «դուխը հերիքեր»

«Իրատես» թերթը գրում է. «Այս շաբաթ ԱԺ հերթական նիստը վերստին ապացուցեց, որ խորհրդարանում հայտնված անձինք ոչ թե հանրության, այլ սեփական բիզնես շահերն են պաշտպանում: Կրկին արդիական էր այն տեսակետը, թե մանդատ են ստանում, որ իրենք ու իրենց բիզնեսներն անձեռնմխելի լինեն: Այն գրոհը, որ ՙ«Ծառուկյան» խմբակցությունը կազմակերպեց կառավարության եւ անձամբ վարչապետի դեմ, ասվածի լավագույն ապացույցն է:

Ընդհանրապես, հետաքրքիր ընդդիմություն է ԲՀԿ-ն, նրա եւ վարչապետների ջրերը երբեք նույն առվով չեն հոսում (իհարկե, «երջանիկ» բացառություն էր Հովիկ Աբրահամյանը): Տիգրան Սարգսյանի մշտական թշնամի ԲՀԿ-ն այսօր էլ նույն «քարն է աղում» Կարեն Կարապետյանի գլխին:

Տպավորություն է, թե խորհրդարանի երկրորդ քաղաքական ուժի հիմնական առաքելությունը ճիշտ ժամանակին կառավարության ղեկավարներին թիրախավորելն է: Այլ խոսքով՝ հակավարչապետական ընդդիմություն:

Չխորանալով հարկային, ինչպես «Ծառուկյան» խմբակցությունը կասեր, տեռորի իրական ու մտացածին լինելու մեջ, ընդամենը փաստենք. տարբեր ժամանակահատվածներում ՓՄՁ-ների հանդեպ հարկային մարմինները, մեղմ ասած, անարդար են եղել կամ, ծառուկյանականների բառապաշարով, վայրագ են իրենց պահել, բայց խորհրդարանի ընդդիմադիր այս ուժը ողջ խմբակցությամբ, մեծ ու փոքրով, փորձառու-անփորձով կատաղի պայքարի դուրս չի եկել:

Այնքան մեծ էր քննադատության «դոզան» եւ այնքան ակնհայտ, որ մի ողջ քաղաքական թիմ լծվել է սեփական ղեկավարի բիզնեսի պաշտպանությանը, որ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ խմբակցության «ուղեղները» հավանաբար հորդորել էին սեփական պատգամավորներին հարցերն այնպես ձեւակերպել, որ «Առինջ մոլի» անունը հնարավորինս քիչ հնչի, բայց հարցերն ամբողջությամբ այդ խնդրին առնչվեն: Ողջ հարցուպատասխանի ժամանակ ամբիոնի մոտ պահելով վարչապետին, հիշեցնելով հին ու նոր «կծող-կսմթող» հարցերը, վերջիններս խոսում էին միայն «Առինջ մոլից»՝ առանց առեւտրային կենտրոնի անունը նշելու:

Կարեն Կարապետյանի նյարդերը չդիմացան, ասաց, որ հասցեական խոսեն, իսկ ինքը դրան պատրաստված էր եկել` ծոցագրպանում ունենալով հարկայինի հստակ տվյալներ:

Իսկ մինչ այդ «Ծառուկյան» խմբակցության թիրախը պետբյուջեի մասին օրենքի նախագիծը ներկայացնող ֆինանսների նախարար Վարդան Արամյանն էր: Նրան հարց ուղղող խմբակցության անդամները հետաքրքրվեցին՝ արտոնյալներին հարկելու հարցում կառավարության «դուխը չի՞ հերիքում»: Այս հարցում դժվար է չհամաձայնել «Ծառուկյան» խմբակցության անդամների հետ, միայն մեկ վերապահումով. այս կառավարության «դուխը» դեռ մի տարի է՝ չի հերիքում, իսկ նախորդների՞նը: Եթե նախորդների «դուխը» տեղը լիներ, միթե այդ խմբակցության ղեկավարն այսօր նման կարողությունների տեր կլիներ, միթե Գագիկ Ծառուկյանն արտոնյալ լինելու հաշվին չէ, որ «բարձրաշխարհիկ» դիրք ունի:

Որեւէ մեկը կասկածու՞մ է, որ աղքատ երկրում հնարավոր չէ նման հարստություն դիզել մաքուր աշխատանքով, հարկային պարտավորությունները պարտաճանաչ կատարելով, արտոնյալ կարգավիճակ չունենալով: Եվ ինչպե՞ս պատահեց, որ վարչապետի հետ ընկերությունն այլեւս չի հիշվում: Կարեն Կարապետյանն այլեւս ընկեր չէ՞, երբ հերթը հասնում է բիզնես շահերին:

Անշուշտ, Գագիկ Ծառուկյանը միակը չէ, որ օգտվել է արտոնյալի կարգավիճակից, ովքեր այդպիսին են, հասարակությունը նրանց մեկիկ-մեկիկ գիտի եւ ոչ միայն անունով, նաեւ մականունով: Եթե նրանց բիզնեսներին էլ այս կառավարությունը «կպնի», «Ծառուկյան» խմբակցությունը, տեսնես, նույն ջերմեռանդությամբ կպաշտպանի՞ վերջիններիս:

Այնպես որ, Գագիկ Ծառուկյանի ղեկավարած ԱԺ «Ծառուկյան» խմբակցությունն արտոնյալների մասին խոսելու «տեղ» չունի: Ծառուկյանի բիզնեսներից ընդամենը մեկի «խաթրին» են այսօր կպել, ու այսպիսի աղմուկ է բարձրացել, իսկ ինչ կլինի, եթե բոլոր ձեռնարկությունները հայտնվեն այդ «մամլիչի» տակ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն